Թուրքիան մեղադրվում է մարդու իրավունքները Կիպրոսում խախտելու մեջ
Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում կիպրացի հույները դատ են բացել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)` պահանջելով իրենց կրած նյութական ու բարոյական վնասի դիմաց 1 տրլն դոլարի փոխհատուցում:
Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող նշված հույների անունից հայցադիմումը ներկայացրել է Ահթան Չիմբիդիս անունով մի հույն փաստաբան: Նրա ձևակերպմամբ` 1974թ. թուրքերը Կիպրոսում խախտել են մարդու իրավունքները` օգտագործելով ամերիկյան զենքեր: Չիմբիդիսը կապ է հաստատել Կիպրոսի հույների հետ, որպեսզի նրանք ևս մասնակցեն այդ դատական գործընթացին, քանի որ, ըստ նրա, դա համահունական դատավարություն է:
Հիշեցնենք, որ թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս կղզի ու բռնազավթեց կղզու տարածքի 40 տոկոսը: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն այժմ ճանաչված է միայն Անկարայի կողմից: