Ամենաճակատագրական գարունը թուրքերի համար
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի վերլուծաբան Էնիս Բերբերօղլուի համոզմամբ` 2010 թվականի գարունը Թուրքիայի համար ճակատագրական է լինելու. մասնավորապես ապրիլ ամսին Անկարան ցնցվելու երկու մեծ խնդիրների հետ բախումից:
Առաջինը, նրա խոսքերով, Բերբերօղլուի, հայ-թուրքական արձանագրությունների հետ է կապված: Ըստ նրա, Օբաման արձանագրությունները վավերացնելու համար Էրդողանին վերջնաժամկետ է տվել մինչև ապրիլի 24-ը: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ քանի դեռ ձգձգվում է ղարաբաղյան խնդրի լուծումը, այնքան ավելի արագ է գործի դրվում թուրք-ամերիկյան հարաբերությունները փոշիացնող ռումբը:
Երկրորդ խնդիրը կիպրական հարցին է առնչվում: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ Անկարան իզուր չի շտապում կես տարի տևած խաղաղության բանակցությունների Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) մինչև 2010թ. ապրիլ ավարտին հասցնել: Քանի որ այդ ժամանակ կղզում նախագահական ընտրություններ են:
«Եթե նույնիսկ կղզում մինչև ապրիլ շտապ լուծում ապահովվի էլ, մեկ է, շարունակությունը շատ դժվար է լինելու: Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում առկա ճաքերը մեծանում են»,- նշում է Բերբերօղլուն: