ԲՈՀ-ը գրագողության հեղինակին էլ է գիտական աստիճան տվել. Բացահայտել է նախագահի վերահսկողական ծառայությունը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել բուհերում և ԲՈՀ-ում:
«Մի շարք պետական ու ոչ պետական բուհերում ներբուհական ու միջբուհական փոխադրումներ իրականացվել են խախտումներով»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, մանրամասնելով, որ կառավարության որոշման համաձայն առաջին և ավարտական կուրսում չի կարելի փոխադրում իրականացնել, իսկ փոխադրման ժամանակ էլ ութ առարկայի տարբերությունը չպետք է գերազանցվի:
Կառավարության որոշման դրույթները չեն պահպանվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանում, Ռուս-հայկական համալսարանում և Գավառի պետական համալսարանում:
«Գրեթե բոլոր բուհերում ութ առարկայի տարբերությունը խախտվել է, այն հասնում է 10, 12-ի, որոշ դեպքերում էլ 16-ի»,-ասաց Հ. Հովսեփյանը, ապա ավելացրեց, որ որոշ դեպքերում այդ քննություններն էլ չեն հանձնել, մի քանի փոխադրում էլ իրականացվել է առանց Կրթության և գիտության նախարարության իմացության ու թույլտվության:
Առավել տխուր իրավիճակ է պարզվել Արմեն Թռչունյանի ղեկավարած Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում: «Պարզվել է, որ ԲՈՀ-ի կողմից 2009-ին կիրառության մեջ է դրվել մի իրավական ակտ, որը գրանցված չի եղել արդարադատության նախարարությունում: Այդ իրավական ակտը հակասում է կառավարության որոշմանը, դրանք տարբեր չափանիշներ են ամրագրում, և արդյունքում երկակի չափանիշներ են կիրառվել»,-ասաց ծառայության պետը, մանրամասնելով, որ իր նախընտրած դիմորդի պարագայում ԲՈՀ-ը այլ չափանիշներով է առաջնորդվում:
Արդյունքում գիտական կոչում ու աստիճան է շնորհվել բազմաթիվ խախտումներով, օրինակ եղել են ատենախոսություններ, որոնց բովանդակությունը չի համապատասխանել թեմային, ատենախոսության ծավալը սահմանվածից քիչ է, տողերի քանակը՝ պակաս: Ծառայության պետն ասաց, որ նույնիսկ մեկ էջում 20 տողի փոխարեն 3 տող է եղել, ու ատենախոսության հեղինակն էլ գիտական աստիճան է ստացել: Ավելին, ծառայության պետը փաստեց, որ ԲՈՀ-ում գրագողություն կատարածին էլ են գիտական աստիճան տվել: Ռուսաստանում մի գիտնականի ատենխոսությունը վերցրել են, փոխել անուն-ազգանունը ու այստեղ' Հայաստանում գիտնական դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան