2010-ին կսկսվի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության առաջին փուլը
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու իրականացման համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 500 միլիոն դոլար: 60 միլիոն դոլարը կտրամադրվի հաջորդ տարի` առաջին փուլի իրականացման համար: Նախնական գնահատականներով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 962 միլիոն դոլար: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ 2010թ. ապրիլ-մայիսին կսկսվի մայրուղու շինարարության առաջին փուլը:
Հիշեցնենք, որ «Հյուիսի-հարավ» ավտոմայրուղու կառուցման համաձայնությանը Հայաստանն ու Վրաստանը հասել են 2008-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Վրաստան:
Նշենք, որ գերմանա-ավստիրական ILF ընկերությունը այս տարի մշակել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու նախագծերի իրականացման հայեցակարգ, իսկ ճապոնական «PADECO» ընկերությունը` տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները:
Նախարարն ասաց, որ կառուցելու են բարձր որակի` առաջին կարգի ճանապարհ: Ավտոմայրուղին Երևանից մինչև Վրաստանի Փոթի և Բաթումի նախահանգիստներ ճանապարհի երկարությունը կկրճատի 30 տոկոսով: Երևանից Բաթումի ձգվող ճանապարհը 700 կմ է, իսկ ավտոմայրուղու շնորհիվ այն կկրճատվի և կհասնի 450 կմ-ի:
«Ծրագիրը շատ կարևոր է: Այն տարածաշրջանային բնույթ ունի: Մեր երկրի համար կունենա կարևոր տնտեսական նշանակություն»,- ասաց Գուրգեն Սարգսյանը: