Մեսսին` ՖԻՖԱ-ի վարկածով 2009 թ. լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինայի ազգային հավաքականի և իսպանական «Բարսելոնի» խաղացող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներն ամփոփվել են Ցյուրիխում, պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառման ժամանակ:
«Զարգացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Արդար խաղի» մրցանակը հետմահու շնորհվել է սըր Բոբբի Ռոբսոնին: Ամենագեղեցիկ գոլի համար Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, համաձայն ինտերնետային հարցման արդյունքների, հանձնվել է Քրիշտիանու Ռոնալդուին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի է ընկել պորտուգալական «Պորտուի» հետ խաղում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև անցնող տարվա խորհրդանշական հավաքականը: Նրա կազմում ընդգրկվել են Իկեր Կասիլյասը («Ռեալ»), Ջոն Տերրին («Չելսի»), Նեմանյա Վիդիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պատրիս Էվրան («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Ալվեշը («Բարսելոն»), Խավին («Բարսելոն»), Անդրես Ինյեստան («Բարսելոն»), Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ»), Լիոնել Մեսսին («Բարսելոն»), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և Ֆեռնանդո Տորրեսը («Լիվերպուլ»):
Արդեն չորրորդ անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել բրազիլացի Մարթան:
Լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին, անցկացված հարցման արդյունքներով շրջանցել է իր թիմակիցներ Խավիին ու Ինյեստային, ինչպես նաև մադրիդյան «Ռեալի» ներկայացուցիչներ Կակային և Քրիշտիանու Ռոնալդուին: Ավելացնենք, որ բոլորովին վերջերս Մեսսին նաև մի շարք այլ մրցանակների է արժանացել, որոնցից հիմնականը «Ոսկե գնդակ-2009»-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան