Ֆուտբոլային մրցանակաբաշխություն-2009
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դահլիճում կայացած մրցաշարի մրցանակաբաշխության ժամանա, ինչպես արդեն նշել ենք, հրապարակվել է Հայաստանի 2009 թ. լավագույն ֆուտբոլիստի անունը: Ձայների ճնշող մեծամասնությամբ այդ պատվավոր կոչմանն արժանացավ Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրամական պարգև հանձնեց լավագույն ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Հենրիխը ֆուտբոլային գերատեսչության անցկացրած հարցմամբ ընդամենը մեկ միավորով էր զիջել «Փյունիկի» և մեր ազգային ընտրանու երկարամյա պաշտպան Սարգիս Հովսեփյանին: Այս անգամ Հենրիխը վաստակեց 355 միավոր` 217 միավորով գերազանցելով երկրորդ տեղում հայտնված Հրայր Մկոյանին: Վերջինս, իր հերթին, 30 միավորով շրջանցեց երրորդը ճանաչված Սարգիս Հովսեփյանին:
«Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը «Մրցաշրջան-2009»-ի իսկական բացահայտումն էր: Ամրապնդվելով Հայաստանի չեմպիոնի հիմնական կազմում` Դավիթը լուրջ առաջընթաց արձանագրեց և այժմ արժանիորեն համարվում է մեր ֆուտբոլային հույսերից մեկը: «Զարգացման հայկական բանկի» կողմից նա, որպես խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստ, արժանացավ դրամական պարգևի: Այդ ֆուտբոլիստի համար խրախուսական մրցանակ էր սահմանել նաև «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանը պարգևատրվեց 150 հազար դրամով և դիպլոմով:
Հայաստանի ֆուտզալի 2008-2009 թթ. առաջնության հաղթող «Էրեբունի» թիմը ստացավ ոսկե մեդալներ և դիպլոմներ: Պարգևատրումը կատարեց ՀՖՖ գործկոմի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Իսկ լավագույն ռմբարկուն` «Պոլիտեխնիկ» թիմի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանը, ճանաչվեց նաև ֆուտզալի լավագույն խաղացող: Կարեն Միքայելյանին, ով նախորդ մրցաշրջանում 104 գոլի հեղինակ է դարձել և արդեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, մրցանակը հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը:
Հայաստանի 1-ին խմբի առաջնության հաղթող «Իմպուլս» թիմը պարգևատրվեց փոքր ոսկե մեդալներով, դիպլոմներով և փոխանցիկ գավաթով: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների արժանացան բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիր թիմերի` «Փյունիկի», «Միկայի» և «Ուլիսի» ֆուտբոլիստները:
«Տելեկոմ» ընկերության կողմից Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Մինասյանը: «Սիթի FM»-ը համարում է, որ մրցաշրջանի ընթացքում այն մարդը, ում անունն ավելի հաճախ է հնչել, մրցավար Արարատ Ճաղարյանն է: ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանին «90 րոպե» թերթում առաջնության հանդիպումների ելքերը ճիշտ կանխագուշակելու և առավելագույն միավորներ հավաքելու համար մեկ տարվա բաժանորդագրություն խոստացվեց: «ՖԱՖ» ֆանատների ակումբը «ՖԱՖ-ի համակրանք» մրցանակը հանձնեց 2009 թ. լավագույն ֆուտբոլիստին` Հենրիխ Մխիթարյանին: