Բաքվում հայկական ջարդերի մասին պատմող ֆիլմի աշխատանքները մոտենում են ավարտին
Բաքվում հայկական ջարդերի 20-րդ տարելիցի առթիվ փաստավավերագրական ֆիլմի աշխատանքները մոտենում են ավարտին: «Մեզ հաջողվել է գտնել բազմաթիվ վավերագրական կադրեր, որոնք մինչ այժմ հայտնի չեն լայն հանրությանը»,-խոսելով ֆիլմի մասին Panorama.am-ին հայտնեց ծրագրի ղեկավար, լրագրող Մարինա Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակում նկարահանվում են փաստավավերագրական ֆիլմեր Հայոց Ցեղասպանության, զանգվածային բռնությունների, 1988-1992 թվականներին ներկայիս Ադրբեջանի և ԼՂ տարածքում իրականացված հայերի ջարդերի ու բռնի տեղահանումների փաստերի մասին:
Ֆիլմում ներառված են նաև փախստական դարձած Բաքվի հայերի հիշողություններ, հայ և օտարերկրացի փորձագետների գնահատականներ, միջազգային փաստաթղթեր:
«Ֆիլմի նպատակն է պատմել ճիշտը Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դա շատ կարևոր է պատմական արդարության ու ճշմարտության տեսակետից, քանի որ այդ ողբերգությունից 20 տարի անց Ադրբեջանում ձգտում են վերացնել մարդկության դեմ իրականացրած այդ հանցագործության հետքերը, ցինիկաբար խեղաթյուրում են հունվարյան իրադարձությունների բնույթը, որոնց զոհ դարձավ մոտ 300 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան»,-ասաց Մ. Գրիգորյանը:
Լրագրողը փաստում է, որ այդ օրերին Բաքվից արտաքսվեցին 230 հազար հայերից մնացած մոտ 30-35 հազարը:
«Բաքու, հունվար. 1990 թ. սովորական Ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը կկայանա հաջորդ տարվա հունվարի կեսերին: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կլինի հայերենով, այն զուգահեռաբար թարգմանվում է ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմը կտեղադրվի ինտերնետում, կտարածվի սկավառակների միջոցով:
Նախատեսվում է նկարահանել ու տարածել ֆիլմեր Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում Հայոց ցեղասպանության, «Օղակ» օպերացիայի, Խոջալուի իրադարձությունների, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման ընթացքում ռազմական գերիների ու պատանդների ճակատագրի մասին:
Նախորդող հրապարակում՝ Բաքվում հայկական ջարդերի 20-րդ տարելիցի առթիվ փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան