Թուրք-սիրիական համագործակցությունը սերտանում է
Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդես է եկել համատեղ հաղորդագրությամբ, համաձայն որի, երկու առաջնորդները մասնակցել են թուրքական և սիրիական գերատեսչությունների միջև կնքված 51 պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրման արարողությունների:
Ըստ թուրքական «Հաբեր 7» (Haber 7) լրատվական գործակալության` ստորագրված պայմանագրերը եղել են բազմաբնույթ ու բազմաբովանդակ: Այսպես` համագործակցության ու փոխօգնության պայմանագրեր են կնքվել երկու երկրների Արտաքին գործերի, Ներքին գործերի, Արդարադատության, Գյուղատնտեսության, Առողջապահության, Էներգետիկայի, Տրանսպորտի, Մշակույթի ու Կրթության նախարարությունների միջև: