«Հաբեր 1». Թուրքիայում խոզի գրիպից մահացածների միակ պատասխանատուն Էրդողանն է
Պաշտոնական տվյալներով` խոզի գրիպից Թուրքիայում մահացել է 458 մարդ: Ըստ «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի` այդ զոհերի համար պատասխանատու է երկրի վարչապետը, քանի որ նա իրեն ճիշտ չէր դրսևորել պատվաստումների հարցում:
«Անշուշտ, ոչ ոք չի կարող երկրի վարչապետին ստիպել պատվաստվել: Դա նրա անձնական որոշումն է: Բայց, երբ Էրդողանը հեռուստաէկրաններից հայտարարեց, որ ինքը չի պատվաստվելու, քանի որ դա անվստահելի է, զոհերի թիվը սկսեց կտրուկ աճել»,- գրում է «Haber 1»-ը:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ եվրոպական երկրներում այդ գրիպի համաճարակն ավելի շուտ է մոլեգնել, քան Թուրքիայում, բայց զոհերի թվի հարաբերությունը երկու ամսում կազմել է մեկը երեքի հարաբերությամբ. Եվրոպայում խոզագրիպի համաճարակին զոհ է գնացել 1470 մարդ, որոնցից 458-ը` Թուրքիայում:
Թուրքիայի առողջապահության նախարարության որոշումն Ա գրիպի զոհերի թիվն այլևս չհարապարակելու մասին բացատրվում է հենց այդ հանգամանքով. Թուրքիայում արագորեն աճող զոհերի թիվը կարող է գերազանցել եվրոպական երկրների զոհերի թվին: Դրա համար էլ թուրքական իշխանությունները փորձում են քողարկել այդ խայտառակ իրավիճակը: