Հ. Դեմոյան. Կարծում եմ` երկու-երեք պետություն, կազմակերպություններ կճանաչեն Հայոց ցեղասպանության պատմական փաստը
«Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում, եթե թուրքական կողմը տարբեր պատճառաբանություններով ձգձգի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, կարծում եմ` երկու-երեք պետություն, կազմակերպություններ կճանաչեն Հայոց ցեղասպանության պատմական փաստը, որը կլինի կոնկրետ ուղղորդված քայլ կոնկրետ ցուցումով: Սա համահունչ է եվրոպական ու ամերիկյան քաղաքականությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, նման ցուցումներ, հարցեր սովորաբար տալիս են, որոշում են գերտերություններ:
«Ունենք նման դրվագ, երբ 2005 թվականին Լեհատանը և Լիտվիան ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, որտեղ թեև չկան հայ դատի գրասենյակներ ու հզոր հայկական համայնքներ, բայց միջազգային քաղաքական կոնյուկտուրան այնպես դասավորվեց, որ ուղղակիորեն ճանաչեցին Ցեղասպանության փաստը: Ես չեմ բացառում, որ համանման սցենարով տեղի կունենա ճանաչման գործընթաց` ի զգուշացում թուրքական կողմի»,- ասաց նա:
Ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք տարին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով հարցին պատասխանելիս` Հ. Դեմոյանն առանձնացրեց մի քանի «հետաքրքիր դրվագներ».
«Վերջերս գաղտնազերծված դեռևս 80-ական թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների խոսակցությունները և նրանց վերաբերմունքը, որը բավականին ցինիկ էր և կարծես լուրջ անդարադարձ կունենա հետագա և գիտական հետազոտությունների, և քաղաքագիտական վերլուծությունների ժամանակ: Հետաքրքիր դրվագ էր Ֆրանսիայում թուրք աշակերտի հետ կապված այն խնդիրը, որ ծագեց վերջինս կողմից գրված շարադրությունից, որտեղ ոչ միայն ժխտել էր, այլ նաև ասել էր. «Նույնիսկ եթե դա այդպես է, նրանք արժանի էին դրան»: Տնօրենի ու ուսուցչի վերաբերմունը բավական լուրջ արձագանք ունեցան: Շատ կարևոր էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Թուրքիա և հենց թուրքական մեջլիսում` բոլոր խորհրդարանականների ներկայությամբ հնչեցրած այն միտքը, որ Թուրքիան պետք է ուժ գտնի և առերեսվի իր սեփական պատմության դրվագների հետ: Կարծում եմ, սա այս տարվա համար ամենամեծ մեջբերումն է. գերտերության նախագահը Ցեղասպանություն իրագործած պետության իրավահաջորդին կոչ է անում սեփական պատմության հետ առերեսվել: Նրա` թուրքական մեջլիսում հնչեցրած մտքերը, բացառիկ ու եզակի երևույթ են: Ճիշտ է, բոլորն ակնկալում էին, որ ապրիլի 24-ի նախագահական ուղեձում նա կասի «Ցեղասպանություն» բառը, սակայն հնչեցրեց «Մեծ եղեռն» բառը, որը չունի իրավաբական բնորոշում»:
Ըստ նրա, Հայոց ցեղասպանության հարցում նկատվող դրական միտումը պայմանավորված է գերտերությունների կողմից օգտագործվող Հայոց ցեղասպանության փաստով:
«Թե արձանագրությունների նախաստորագրման պարագայում, թե արձանագրությունների ստորագրման պարագայում, կարող եմ նաև վստահորեն ասել, որ խորհրդարանի կողմից արձանագրությունների հաստատման պարագայում էլ օգտագործելու են Ցեղասպանությունը ճանաչելու կամ Ցեղասպանության միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հանգամանքը: Սա գործք է, և մենք պետք է հաշտվենք դրա հետ: Գործիք է, որը հետևողական օգտագործվում է Թուրքիայի դեմ: Այն, որ թուրք լրագրողները հնչեցնում են այն միտքը, թե լավ կլինի, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, խոսում է այն մասին, որ թուրքական կողմի նյարդերն արդեն տեղի են տալիս և նրանք էլ հակված են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է շուրջ երկու տասնյակ երկիր: Դա առաջինն արել է Ուրոգվայը` 1965թ., որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան: Եղեռնը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում