Սահմանդրագետ. Վերապահումներ անելն անիմաստ է, թերևս անհեթեթ
Հայ-թուրքական արձանագրությունների առումով վերապահումներ անելն անիմաստ է, թերևս անհեթեթ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց սահմանդրագետ Վարդան Պողոսյանը:
«Իմ կարծիքով, որևէ վերապահում անելն այս արձանագրությունների հետ կապված իրավական առումով սխալ է, իսկ քաղաքական առումով վնասակար»,-ասաց Վ. Պողոսյանը:
Մասնագետի ներկայացմամբ, վերապահումներ անելը միջազգային պրակտիկայում ընդունված է բազմակողմ պայմանագրերի դեպքում, իսկ երկկողմ պայմանագրերի առումով հազվադեպ դեպքեր կան, սակայն ընդունված չեն: Երկկողմ պայմանգրերի դեպքում վերապահումները իրավաբանական առումով տարբերվում են 1969 թ. ընդունված Վինեննայի կոնվենցիայով նախատեսված՝ բազմակողմ պայմանագրերի հետ կապված վերապահումներից: Բազմակողմ պայմանգրերի դեպքում դա դառնում է պայմանագրի բաղկացուցիչ մաս:
«Պատկերացնենք մենք երկուսով պայմանավորվում ենք ինչ-որ բանի շուրջ, ստորագրել ենք գրավոր փաստաթուղթ, ապա մի քանի օր հետո զանգահարում ենք ասում, գիտե՞ք ինչ կա, ես սկզբունքորեն կողմ եմ այն ինչ որ կա փաստաթղթում, բայց իքս կետի վերաբերյալ վերապահում ունեմ, այն իմ վրա չի տարածվում»,-ասաց սահմանդրագետը:
Ըստ նրա, բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեին բանակցությունների ժամանակ, նոր ստորագրվեր փաստաթուղթ: Ըստ Վ. Պողոսյանի, միակողմ վերապահումներ անելու պարագայում հավանական է, որ Թուրքիան չընդունի այդ վերապահումները:
«Մեզ համար ձեռնտու չէ այս ճանապարհը, քանի որ գնալու ենք Թուրքիայի ընտրած սխալ ճանապարհով: Ես ի նկատի ունեմ Էրդողանի այն հայտարարությունը, թե մենք վավերացման դեպքում վերապահումներ ենք անելու, պետք է կապենք այս հարցը ԼՂ խնդրի կարգավորման հետ, և այլն»,-նկատեց մասնագետը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ էլ, այս պարագայում վերապահումներ անելը «նոնսենս» է:
Վ. Պողոսյանի համարմամբ, ՍԴ որոշումը կարելի է որակել մեր դիվանագիտական բացթողումների ճշգրտման, շտկման վերաբերյալ փաստաթուղթ, բայց Միաժամանակ ՍԴ-ն ընդունել է իրավական, և ոչ թե քաղաքական դրդապատճառներով որոշում: ԱԺ-ն վերապահումներ անելու կարիք չունի, քանի որ ՍԴ որոշումը պարտավորեցնող բնույթ ունի բոլորի համար:
«Այն ամենը, ինչ արձանագրել է Սահմանդրական դատարանը իր որոշման մեջ, պարտադիր է ՀՀ բոլոր պետական մարմինների ու պաշտոնատար անձանց համար»,-ասաց Վ. Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին