Ստամբուլում այսօր ոգեկոչելու են Հրանտ Դինքին
Պոլսահայ ականավոր հրապարակախոս, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության երրորդ տարելիցի կապակցությամբ այսօր հիշատակի միջոցառում լինելու նրա սպանության վայրում` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրության շենքի առջև:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի էլ-կայքը:
Երախտահիշատակ Դինքի ոգեկոչման այդ միջոցառումն ընթանալու է «Մարդասպանին գիտենք, պահանջում ենք արդարադատություն» լոզունգի ներքո: Միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում նշված է.
«Հրանտը մեզ թողեց նախևառաջ արժանապատիվ եղբայրության գաղափարը: Արժանապատիվ և վստահելի եղբայրության համար, Հրանտի համար, արդարադատության համար նրա սպանության վայրում հավաքվելու ենք»:
Նշվում է նաև, որ Հրանտը սպանվել է պետական թողտվությամբ, և նրան սպանել տվողները մինչև օրս ազատորեն շրջում են ու պաշտոնավարում:
Հիշեցնենք սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել էր իր մեղքը։