Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում հարգեցին Բաքվի անմեղ զոհերի հիշատակը
Այսօր երթ էր կազմակերպվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տարբեր պաշտոնայներ այդպիսով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990-ի Բաքվի անմեղ զոհերի հիշատակին` հուշաքարի մոտ ծաղիկներ տեղադրեցին, մոմեր վառեցին ու խունկ ծխեցրին:
Դեպի հուշահամալիր կազմակերպված երթի մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ ադրբեջանական կառավարության ոճրագործությանը և դատապարտում 20 տարի առաջ հունվարի 19-ին Բաքվում խորհրդային զորքերի կատարած սպանդը:
Երթին մասնակից վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասաց, որ Բաքվում հայերը սպանվել են հենց միայն այն բանի համար, որ հայ են եղել:
«Եվ զոհերի հիշատակը հարգելիս` մենք պետք է անպայման շեշտադրենք այս հանգամանքը, որ նրանց միակ մեղքն այն էր, որ հայ են»,- նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով, պետք է ստեղծել ամուր և զորեղ պետություն, իսկ դրա համար, ըստ նրա համախմբվածություն է պետք, քանի որ առջևում կան լուրջ վտանգներ, լուրջ մարտահրավերներ:
«Այդ ամենը փաստվում է ոչ միայն Բաքվի ջարդերով, որոնք տեղի ունեցան 20 տարի առաջ, այդ ամենը փաստվում է այսօրվա իրողությամբ` Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությամբ, որը քարոզում է ատելություն հայերի նկատմամբ», - ընդգծեց վարչապետ Սարգսյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքով, կատարված հանցագործությունները պետք է պատժվեն, քանզի անպատիժ մնացած հանցագործությունը նոր չարագործություններ է ծնում: «Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Ղարաբաղի հայության օրինական պահանջին ադրբեջանական վանդալները պատասխանեցին խաղաղ բնակչության կոտորածներով»,- իր ելույթում հավելեց նա:
Երթին մասնակից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն իր խոսքումնկատեց, որ Բաքվի ջարդերի վերաբերյալ արխիվներում եղած վավերագրերը քիչ են: «Ցանկության դեպքում կարելի է դրանք ի մի բերել, ինչի համար պետական քաղաքականություն պետք է իրականացվի», -նկատեց պատմաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան