Թուրք-իսրայելական ճգնաժամ. հայկական գործոն
Թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը «Սաբահ» (Sabah) օրաթերթում հրապարակել է իր դիտարկումները թուրք-իսրայելական հասունացող ճգնաժամի վերաբերյալ` հաշվի առնելով նաև հայկական գործոնը:
Այսպես` Թաշփընարը նախ նկատել է տալիս, որ եվրոպացի գիտնականներն ու լրագրողները արդեն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությամբ, քան Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացով:
Թուրք հեղինակի մատնանշմամբ` արևմտյան փորձագետների մեծ մասն արդեն հակված է կարծելու, որ Թուրքիան Արևմուտքի և Արևելքի միջև տարվող հավասարակաշռման իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է բացառապես ազգային շահերից:
«Ընդհանուր տպավորությունն այնպիսինն է, որ Անակարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն և Արևմուտքին, և Արևելքին նայող, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»:
Այդուամենայնիվ, հիշեցնելով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ամենաջերմ ժամանակաշրջանը` 1996 թվականը, երբ երկու երկրները ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրում, Թաշփընարը մտահոգություն է հայտնում թուրք-իսրայելական հարաբերությունների այսչափ արագ ու այսչափ խորը վատթարացման կապակցությամբ:
Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարևոր ճակատը, ըստ նրա, Վաշինգտոնն է:
«Անցյալում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններին նայում էր ամբողջապես ամերիկայն հրեական լոբբիի տեսանկյունից: Քանի որ որպես Ամերիկայի հայկական և հունական հզոր լոբբիին հակակշռող էլեմենտ, մեծապես զգացվում էր հրեական լոբբիի կարիքը»,- գրում է թուրք փորձագետն ու ընդգծում, որ վերջին շրջանում իրավիճակը փոխվեց: Թուրքիայի` հարևանների հետ զրո խնդիր քաղաքականության շրջանակներում նշանակալի չափով նվազեց Ամերիկայի հրեական լոբբիի կարիքն ԱՆկարայի համար:
«Ասում եմ նշանակալի չափով, քանի որ, եթե Անկարան Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցում արագ տեղաշարժ չանի, ապա հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանոթւյան օրինագիծն անցկացնելու համար գործի կանցնի: Իսկ եթե Թուրքիան չի ուզում այդ հարցերում կախման մեջ մնալ իրեն բարկացրած հրեական լոբբիից, ապա պետք է հնարավորինս շուտ արձանագրությունները մեջլիսում վավերացնի»: