«Zaman»-ը պարզաբանում է Անկարայի գլխավոր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթն անդրադարձել է պաշտոնական Անկարայի դրսևորած անհանգստությանը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականության մասին հունվարի 12-ի որոշման հետ:
Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 18-ին` Թուրքիայի ժամանակով 23:59-ին, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որով դատապարտում էր ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը` պատճառաբանելով, որ այն հակասում է հայ-թուրքական արձանագրությունների տառին և ոգուն: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում նշված չի եղել, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած ութ էջանոց որոշման որ հատվածներն են հակասում արձանագրությունների բովանդակությանը:
«Zaman»-ն այսօր, վկայակոչելով իրեն մոտ կանգնած անանուն դիվանագիտական աղբյուրներին, հրապարակել է այն գլխավոր մտահոգությունը, որը պաշարել է Անկարային:
«Հայկական կողմից արձանագրությունների վավերացամանն ուղղված խոչընդոտներ են նկատվում: Խնդրի առնչությամբ Անկարայի անհանգստությունն այն է, որ դատարանի այդ որոշմումը բխեցվել է` հղում տալով 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն» որակած որոշ փաստաթղթերի: Մինչդեռ արձանագրությունները նախատեսում էին, «Համատեղ պատմական հանձնաժողով» ստեղծելով` այդ հարցը թողնել մասնագետներին»,- գրում է «Zaman»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հստակ արձանագրեց, որ Թուրքիայի պնդումներն այն մասին, որ արձանագրություններով նախատեսված պատմական հանձնաժողովի նպատակը Հայոց Ցեղասպանության փաստերի ուսումնասիրությունն է, անընդունելի է:
Պարզորոշ սահմանվեց, որ արձանագրությունների դրույթները չեն կարող հակասել Սահմանադրության նախաբանին, որը հղում է տալիս Հայաստանի Անկախության հռչակագրին: Իսկ այդ հռչակագրի 11-րդ կետում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: