Hurriyet. «Հարևանների հետ զրո խնդիր» ասելով ճամփա դուրս եկաք, բայց նույնիսկ զրոյով չավարտեցիք, դեռ մի բան էլ մինուսի եք գնում
Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները շարունակում են բուռն արձագանքել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը և քննադատության թիրախ դարձնել թուրքական իշխանություններին:
«Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն իր կենտրոնակայանում հատուկ ժողով է գումարել այդ կապակցությամբ: Կուսակցապետ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ արձանագրություններն այլևս ենթակա չեն վավերացման և կարգավորման գործընթացն այլևս տապալված է:
«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` շոուի միտված բոլոր նախաձեռնությունները ձախողվեցին: Ըստ էության, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը այդպիսի որոշում չկայացներ, մեկ է, Թուրքիայի մեջլիսում այդ արձանագրությունների վավերացման մասին խոսք չէր կարող լինել: Քանի որ երևում էր, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ «ադրբեջանական տարածքներից»: Հարևանների հետ զրո խնդիր ասելով` ճամփա դուրս եկաք, բայց նույնիսկ զրոյով չավարտեցիք, դեռ մի բան էլ մինուսի եք գնում: Մնացել եք -1 խնդրի առջև դեմ հանդիման»,- ասել է Բայքալը:
Վերջինս Գյուլի վարչակազմին մեղադրել է չկշռադատված գործողությունների դիմելու համար: