Թուրքիայի կառավարության ժողովում ՀՀ ՍԴ-ի որոշմանը չեն անդրադարձել
Թուրքիայի կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստում անդրադարձ չի եղել ՀՀ ՍԴ-ի որոշմանը: Ի դեպ` նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ:
Չիչեքը, ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումը հակասում է արձանագրությունների ոգուն, ասել է.
«Դա կարգավորման ջանքերին խոչընդոտող որոշում է: Ամեն դեպքում եթե Հայաստանի կառավարությունը այդ արձանագրությունների իրագործման մեջ մի օգուտ է տեսնում և այդ հարցում անկեղծ է, ապա անհրաժեշտ է, որ միջազգային հանրությանն ու Թուրքիային այդ իմաստով բավարարող պարզաբանում տա: Այլապես այդ որոշումն ապարդյուն կդարձնի գործադրվող ջանքերը: Թուրքիայի համար դա անընդունելի է»:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի կազմակերպմանն ու կարգավորմանը միտված օրինագծեր: Նա նաև ընդգծել է, որ Անկարայի եվրաանդամակցության ձգտումը կառավարության համար շարունակում է մնալ օրակարգային: