Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույց
Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը, հղում տալով արտգործնախարարության աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ Թուրքիայի ունեցած մտահոգությունները:
Դավութօղլուն ամերիկացի իր պաշտոնակցին մասնավորապես հայտնել է Անկարայի դժգոհությունն առ այն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վնասում է արձանագրությունների ոգուն` միևնույն ժամանակ ընդգծելով, թե ողջ գործընթացի ժամանակ Թուրքիան վճռականորեն ցուցաբերել է քաղաքական կամք:
Դավութօղլուն նաև նշել է այն անհրաժեշտության մասին, որ պետք է թույլ չտալ, որ կարգավորման գործընթացի տիրույթից դուրս գտնվող տարրերը, ըստ նրա, այդ թվում և ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը, վնաս հասցնեն բուն գործընթացին:
Տեղեկացվում է նաև, որ Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է առաջիկա օրերին շփում կազմակերպել գործընթացի շահագրգիռ կողմերի միջև (ԱՄՆ, Շվեյցարիա, Ռուսաստան և Ֆրանսիա)` գործընթացն առաջ մղելու և անհրաժեշտ քայլեր կատարելու համար: