«Մեր համալսարանը կոռումպացված չէ»
«Մեր համալսարանը կոռումպացված չէ»,- ասուլիսում վստահորեն ասաց Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը: Նա ցավում է կրթական համակարգի նման երևույթների համար և մտահոգվում է, որ հանկարծ ազնիվ մարդուն չվարկաբեկեն, թե կաշառք է վերցնում:
«Ազնիվ մարդուն վարկաբեկելը ավելի ծանր է, քան հենց կաշառակերներին հրապարակավ պարսավանքի ենթարկելը»,- ասաց նա:
Նշենք, որ Ռուս-հայկական սլավոնական համալսարանը հիմնադրվել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 1997 թվականին կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա, սկսել է գործել 1999 թվականի հունվարից:
«Մենք առաջնորդվում ենք մեկ սկզբունքով. ստեղծել համալսարան, որը կարող է լրացնել այն բացը, որ կա կրթական համակարգում, այսինքն` ունենալ մասնագիտություններ, որոնք հեռանկարային են մեր երկրի տնտեսական, գիտատեխնիկական առաջընթացի համար»,- ասաց համալսարանի պրոռեկտորը:
Լինելով դասական համալսարան, ունի դասական մասնագիտություններ, ինչպես նաև, ըստ բանախոսի, այնպիսի մասնագիտություններ, որոնք որ տարբեր համալսարաններ չէին պատրաստում` ֆիզիկոս ինժեներներ, հեռահաղորդակցության մասնագետներ, բժիշկ կենսաքիմիկոսներ: Համալսարանը հիմնական շեշետը դնում է նանոտեխնոլոգիաների վրա:
Ինչ վերաբերում է տարբեր կրթական օջախների լիցենզիաներ տալու փաստին, բանախոսն ասաց, որ պետք է լիցենզիա տրվի համապատասխան պայմաններ ունեցող կրթօջախներին, որոնք ունեն անհրաժեշտ պայմաններ` հարուստ գրադարան, լաբորատորիներ, պրոֆեսիոնալ, որակյալ մասնագետներ պատրաստելու համար: