Մատենադարան. նոր տեխնոլոգիական լուծումներ
Նոր տեխնոլոգիական լուծումները սկզբունքորեն փոխում են Մատենադարանի հնարավորությունները ինչպես ֆոնդի պահպանության, այնպես ել ուսումնասիրության և հասանելիության ապահովման հարցերում:
Արդեն 2011թ.-ին կավարտվեն մատենադարանի նոր մասնաշենքի աշխատանքները: Նոր կառուցվող շենքը լինելու է գիտական մասնաշենք, իսկ ներկայիս շինությունն ամբողջովին վերածվելու է թանգարանային համալիրի, մեծ տարածքներ են բացվում թե’ ձեռագիր նյութերի, թե’ արխիվային վավերագրերի, հնատիպ գրքերի ցուցադրության համար: Յուրաքանչյուր ընթերցող կունենա ընթերցասրահում իր համակարգիչը : Կլինի առանձին արխիվային բաժնի ընթերցասրահ` պահոցին կից, իր առանձին սարքավորումներով: Բացի այս Մատենադարանն ունենալու է նոր տեխնոլոգիական լուծումներ:
Այս ամենը մասնակիորեն արդեն իսկ ներկայացված է www.matenadaran.am կայքում: Նույնիսկ նոր պահեստարանների կառուցումից հետո էլ կենսական խնդիր է մնում ֆոնդի հասանելիության ապահովումը` ինչպես սիրողական դիտման, այնպես էլ գեղարվեստական ու գիտական մանրամասն ուսումնասիրության համար:
Բանն այն է, որ պահոցում հատուկ կլիմայական պայմաններում գտնվող գիրքը հաճախ դուրս բերելը խիստ վնասակար է գրքի համար, իսկ դուրս չբերելը նշանակում է զրկվել այն ուսումնասիրելու հնարավորությունից:
Այսինքն գրքի պահպանությունը ապահովելու և օգտվողին ուսումնասիրության հնարավորությունից չզրկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է օգտվողին տրամադրել ձեռագրերի բարձրորակ պատկերները:
Աշխարհահռչակ միկրոքանդակագործների գործերը. օրինակ Լեվշայի պայտած լուն, Եդվարդ Ղազարյանի, Վիլլարդ Վիգանի ասեղի գլխում տեղավորված ջութակահարը, պարողները, այնպես ել հայկական մանրանկարը անիմաստ է ներկայացնել նույնիսկ քառապատիկ մեծացնող խոշորացույցով:
Մատենադարանում պահպանվող մանրանկարների համար պետք է ունենալ խոշորացույցով ստացված պատկերներ: Տասնյակ հազարավոր էջերի քանակով նման թվային պատկերների ստեղծման, պահպանման և մեծաքանակ օգտվողներին տրամադրման խնդիրները բարդ և ծախսատար են: Մատենադարանի կառուցվող ընթերցասրահի 200 ընթերցողներից (այսքան տեղ է նախատեսվում) յուրաքանչյուրին մի քանի էջ նման որակի նյութով ապահովելու համար անհրաժեշտ կլիներ կառուցել համակարգչային ցանց չափազանց թանկարժեք սերվերներով, կապի սարքավորումներով, ծրագրերով և համակարգիչներով:
Ստանդարտ սարքավորումների գինը, որոնք ընդունակ են լուծել այսպիսի խնդիրներ 200 տեղանոց ընթերցասրահի համար, կարող է կազմել մինչև 6-8 մլն դոլար և համեմատական է շինարարության ծախսերին, իսկ տրամադրել նման որակի նյութը դրսի օգտվողին պրակտիկորեն անհնար է: Շնորհիվ հայկական ՏՏ ձեռնարկության` «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրման, Մատենադարանը կարողացել է այսօր լուծել այս և մի շարք այլ հարակից խնդիրներ:
Այսպես Մատենադարանը ի զորու է դարձել բարձրագույն որակի նյութեր տրամադրել ուսումնասիրողներին և սիրողներին ինտերնետում: Կիրառելով ստեղծված տեխնոլոգիաները արդեն փաստորեն անհրաժեշտություն չի առաջանում ձեռագիրը ուսումնասիրությունների կամ պարզապես դիտման համար դուրս բերել պահոցից:
«Միևնույն ժամանակ մենք ստացանք եզակի հնարավորություն աշխարհին ներկայացնելու հայկական մանրանկարչությունը այնպիսի որակով, որը անհասանելի է որևէ տպագիր կամ հեռուստատեսային նյութի համար: Մատենադարանի աշխատակիցները արդեն գերադասում են ուսումնասիրել նյութը օգտվելով խոշորացույցի որակ ապահովող թվային պատկերից, քան` դիտել բնօրինակը: Միայն նոր լուծումով հնարավոր դարձավ ներկայացնել ոչ մասնագիտական լսարանին հայերի ներդրումը գրչական արվեստում, որը բացի իր հոգևոր, փիլիսոփայական և գեղարվեստական բովանդակությունից ներառում է քիմիական և բնական ներկերի ստացման, թղթի և մագաղաթի հատուկ մշակման չգերազանցված մեթոդներ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ Արա Խզմալյանը:
«Այսօր Մատենադարանի հնարավորությունները նյութերի ուսումնասիրության և ներկայացման հարցում չունի և ոչ մի գրադարան: Համեմատության համար կարող ենք օրինակ բացել «Հիլլ» գրադարանի կայքէջը, որտեղ տեղադրված մանրանկարների պատկերները կարող են միայն թռուցիկ տպավորություն ստեղծել ներկայացվող նյութի մասին: Մրցակից լուծումներ ներկայացված են միայն Prado թանգարանի համար Google-ի արված աշխատանքում: Այստեղ էլ Մատենադարանի լուծումները ունեն առավելություններ, որոնք սակայն նեղ տեխնիկական բնույթի են: Բացի այդ, նկատենք, որ Մատենադարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը չի սահմանափակվում զուտ ձեռագրային ֆոնդի թվայնացմամբ ու կայքէջի հիմնմամբ: Մեր կազմակերպությունը Մատենադարանին տրամադրել է որոնողական համակարգ, որի կիրառությունը տեքստերի վերլուծության խնդրում նոր հորիզոններ է բացում տեքստաբանության և բառագիտության մեջ: Ասեմ, որ Մատենադարանի և «Ավիաինֆոտել» ՓԲԸ տնօրենները որոշել են սկսել աշխատանքներ խնդրի շուրջ մոտ ապագայում» -Panorama.am-ի հետ զրույցում նկատեց «Ավիաինֆոտել» ընկերության տեխնիակական գծով մենեջեր Արամ Վրթանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա