Հայաստանի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» համաշխարհային լավագույն վերլուծական 50 կենտրոնների շարքում է
Հայաստանի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» այս տարի ընդգրկվել է ՄԱԿ-ի օրերս հրապարակած համաշխարհային վերլուծական կենտրոնների վարկանշային աղյուսակում: Այն աշխարհի 50 լավագույն կենտրոնների շարքում է: Ադրբեջանն այս աղյուսակում տեղ չի գտել:
Ամենահեղինակավորն է ճանաչվել Բրուկինգի ինստիտուտը (Brookings Institution), որը գտնվում է Վաշինգտոնում: Այն մասնագիտացված է հասարակական- քաղաքական և տնտեսական գիտությունների բնագավառում: Այս ինստիտուտը գլխավորում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի տեղակալը` Ստրոուբ Թելբոտը, ով Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի երկրների գծով մասնագետ է:
Կարևոր վերլուծական կենտրոններ են ճանաչվել նաև Carnegie Endowment for International Peace-ը և Council on Foreign Relations-ը:
Ամերիկյան վարկանշային սանդղակում 18-րդ տեղում է «Բաց հասարակության ինստիտուտը»` Սորոսի հիմնադրամ (Open Society Institute):
Բացի ամերիկյան ինստիտուտներից լավագույն տասնյակում են բրիտանական Chatham House-ը, գերմանական Transparency International-ը, բելգիական International Crisis Group-ը, ֆրանսիական Institute of International Relations-ը, շվեդական Stockholm International Peace Research Institute-ը, բրիտանական Amnesty International-ը, International Institute for Strategic Studies-ը և Adam Smith Institute-ը, բելգիական Centre for European Policy Studies-ը և German Institute for International and Security Affairs-ը:
Ընդհանուր առմամբ վերլուծական կենտրոնների թվով առաջատար է ԱՄՆ-ն. աշխարհում նրան է բաժին ընկնում վերլուծական կենտրոնների 1/3-րդ-ը: Երկրորդ տեղում է Չինաստանը: