Տարեկան ավելի քան 500 մարդ գիտական աստիճան է ստանում, իսկ բուհերի դասախոսների 50 տոկոսը գիտական աստիճան չունի
Գիտական աստիճանի վկայագիր նախորդ տարվա ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովը տրամադրել է 568 գիտնականի, որից 50-ը՝ դոկտորի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեց ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը: Ըստ նրա, պրոֆեսորի և դոցենտի կոչում տրվել է 288 գիտնական մանկավարժի: Դրանցից 50-ը պրոֆեսորի կոչում է եղել:
2008-ի համեմատ դոկտորի գիտական աստիճան ստացածների թիվն ավելացել է 4-ով, իսկ թեկնածուներինը նվազել է 2-ով: Դոցենտի կոչում ստացածների թիվն ավելացել է 5-ով, իսկ պրոֆեսորների պարագայում դա չի փոխվել: 60 ատենախոսություն էլ տարբեր խախտումների պատճառով վերադարձվել է, ևս 14-ը՝ տեխնիկական թերացումների վերացման համար:
Լրագրողները նկատեցին, թե այդ թիվը հանրապետության համար մեծ չէ՞:
Ա. Թռչունյանը նշեց, թե նույնիսկ այս պարագայում հանրապետության բուհերում հաստիքով աշխատող 8200-ից ավելի դասախոսների 50 տոկոսից ավելին գիտական աստիճան չունեն, իսկ պրոֆեսորի կոչում ունեցող դասախոսների թիվը տարեցտարի նվազում է, օրինակ 2004-2005 ուսումնական տարուց հետո դասախոսների թիվը նվազել է 238-ով, որից 148-ը եղել են պրոֆեսորներ: Այսօր բուհերում հաստիքով դասախոսների ընդամենը 8.6 տոկոսոը պրոֆեսորի կոչում ունի:
«Մենք պետք է կարևորենք առաջին հերթին բուհերի դասախոսական կազմը որակավորման մակարդակին համապատասխանեցնելը»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Ըստ Թռչունյանի, այս խնդիրը չպետք է լուծվի ցածրորակ ատենախոսությունների ու սուբյեկտիվ մոտեցումների հաշվին:
Ըստ հանձնաժողովի նախագահի, ԱՊՀ բոլոր երկրներում էլ նման դինամիկա կա, օրինակ Ռուսաստանում տարեկան գիտնականների թիվն ավելանում է 13 տոկոսով, ցուցանիշը գրեթե նույնն է եղել խորհրդային տարիներին:
«Այլ խնդիր է, որ գիտության ոլորտում թափուր տեղեր չեն բացվում, իսկ գիտական գործունեությամբ զբաղվելը շատերի համար չունի մոտիվացիա»,-ասաց ԲՈՀ-ի ղեկավարը:
2010-ի համար հանձնաժողովի նախագահը կարևորում է աստիճանաշնորհման միասնական կարգի ընդունումը կառավարության կողմից, որով կհստակեցվեն պահանջներն ու պայմանները: Նա կարևորում է նաև համակարգի ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը և այլն: