Ադրբեջանից բացի, բոլոր հավաքականները հաստատել են իրենց մասնակցությունը
Փետրվարի 13-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակից երկրների հավաքականները հիմնականում կհանգրվանեն «Անի» հյուրանոցում: Մասնակից ութնյակը ձևավորվել է աշխարհի նախորդ առաջնությունում արձանագրված արդյունքների հիման վրա և այսպիսի տեսք ունի` Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Վրաստան, Կուբա, Ադրբեջան, Հունգարիա, Հայաստան: Առայժմ պարզ չէ` Ադրբեջանի հավաքականն արդյոք կժամանի՞ Երևան, թե ոչ՞:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր թիմերը մակարդակով շատ չեն տարբերվում, կարելի է կանխատեսել, որ լարված գոտեմարտեր են սպասվում ու նույնիսկ պատահականություններ: Մենք մեր թիմից հաջող ելույթներ ենք ակնկալում,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:- Բացի Ադրբեջանի հավաքականից, բոլոր թիմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Ներկայացրել են հայտերը, հստակեցրել, թե ինչպիսի կազմերով են ժամանելու Երևան: Ի դեպ, ավելի լուրջ թիմեր են Հայաստան գալու, և ուշադրությունը պետք է կենտրոնացնել նրանց մրցումների և ոչ թե ադրբեջանցիների` Երևան գալ-չգալու խնդրի վրա»,- ավելացրեց Հ. Ենոքյանը:
Իհարկե, զուտ մարզական առումով պետք է ընդունել, որ հարևան երկրի հավաքականն ամենևին էլ առաջինը չէ աշխարհում, հետևաբար, ամենակարևորը չէ, և նրա բացակայությունը աշխարհի առաջնությունը չի զրկի փայլից:
Ավելացնենք, որ Հայաստան ժամանող մրցավարները կհանգրվանեն «Արարատ», իսկ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, ըստ նախնական տեղեկությունների` առաջնությունը սպասարկելու հնարավորություն կունենան նաև մեր առաջին կարգի մրցավարներ Սամվել Հարությունյանը, Աշոտ Խաչատրյանը և Գևորգ Ալեքսանյանը: Ճիշտ է` համաձայն գործող կարգի, նման կարգի մրցումները պետք է անցկացվեն միայն օլիմպիական կարգի մրցավարների կողմից, սակայն Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, կարող է հույս ունենալ, որ իր ներկայացուցիչները կընդգրկվեն մրցավարական անձնակազմում:
Աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 11-ին: Թիմերը կբաժանվեն երկու` «Ա» և «Բ» խմբերի: Փետրվարի 11-ին կիրականացվի մասնակիցների ընդունումը և հավատարմագրումը, իսկ հաջորդ օրը թիմերի ղեկավարները կհանդիպեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մամուլի ասուլիսին կմասնակցի նաև միզագային ֆեդերացիայի նախագահը:
Փետրվարի 12-ի երեկոյան մարզիկները կկշռվեն և բուժզննման կենթարկվեն, իսկ փետրվարի 13-ին, ժամը 10:00-ին կմեկնարկեն մրցումները: Եզրափակիչ մրցումները կկայանան փետրվարի 14-ին, ժամը 18:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին