Դավոսում բացվում է 40-րդ տնտեսական հոբելյանական համաժողովը
Այսօր շվեյցարական Դավոսում սկսվում է հոբելյանական` թվով 40-րդ, Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա հանդիպումը: Այս անգամ օրակարգի հիմնական նպատակը լինելու է համաշխարհային տնտեսական համակարգի վերանախագծման ուղիների որոնումը:
Հավանաբար, գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին գործողությունները` ուղղված բանկերի գործունեության ազատության սահմանափակմանը: Այս գործողությունները հանգեցրին առաջատար եվրոպական և ամերիկյան արժեթղթերի գնանկման, այդ պատճառով էլ այն չի մնա առանց ուշադրության:
Ինքը` Բարաք Օբաման, չի օգտագործի մի քանի օր շվեյցարական Ալպերում լինելու հնարավորությունը: Դավոսում չի լինի նաև անցյալ տարվա համաժողովը բացած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ռուսական պատվիրակությունն այս անգամ գլխավորում է փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Համաժողովի ամենաարդիական թեմաներից մեկը խոստանում է դառնալ սուվերեն դեֆոլտների քննարկումը: Շատ երկրների կառավարություններ ազգային տնտեսություններ են ներարկել խոշոր միջոցներ` ուղղված սպառումների խթանմանը և տնտեսական աճին: Ոչ բոլորին հաջողվեց դա իրականացնել կուտակված պահուստների հաշվին (ինչպես օրինակ Ռուսաստանը և Չինաստանը). շատ երկրներ կուտակել են բավական նոր պարտքեր և վերջին օրինակները (Հուսատանը, Իսպանիան, Պորտուգալիան, Դուբայը), խոսում են այն մասին, որ մեծ ռեցեսիան հաղթահարելուց հետո նրանք հարկադրված են լինելու աշխատել իրենց պետական պարտքը` ՀՆԱ-ի նկատմամբ խելամիտ սահմաններում պահպանելու համար:
Հավելենք, որ այս տարի Դավոսի ամենամյա հավաքին ներկա են լինելու 2.5 հազար մասնակիցներ` 90 երկրներից: Համաժողովը բացելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել էր, Հայաստանից պատվիրակություն այս տարի չի մեկնի Դավոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա