Դավութօղլու. Հարկ է, որ տարբեր աշխարհամասերում ապրող հայերն ու թուրքերը միմյանց հետ լավ հարաբերվեն
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն «Թուրքիայի ներդրումը համաշխարհային խաղաղության մեջ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն» թեմայով ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը:
Մոտ մեկ ժամ տևած ելույթի ընթացքում Դավութօղլուն պատասխանել է Հայաստան-Թուրքիայ, Իսրայել-Պաղեստին և Թուրքիա-Իսրայել հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի:
Տարածաշրջանում խաղարար և անվտանգություն ապահովող երկիր դառնալը Թուրքիայի հետապնդած կարևոր նպատակներից է: Ահա թե ինչու Անկարան հոժարությամբ ստանձնեց միջնորդ պետության գործառույթներ իսրայելասիրիական բանակցություններում:
Այս ամենի մասին հիշեցրած Դավութօղլուն ընդգծել է, որ Իսրայելը անսպասելիորեն շեղվեց ծրագրված ուղուց, և ամեն ինչ բարդացավ: Թուրք արտգործնախարարի խոսքով` ինչքան իրենք կարևորում են պաղեստինցի երեխայի անվտանգությունը, նույնքան էլ կարևորում են իսրայելցի երեխայի անվտանգությունը:
Ընդունելով, որ իսրայելաթուրքական հարաբերություններն այժմ ճգնաժամի մեջ են` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Հակահրեությունը և Իսրայելի պետական քաղաքականությունը քննադատելը միմյանցից պետք է տարբերել: Թուրքիայում հակասեմիտիզմ չկա և չի եղել Թուրքիայի ողջ պատմության ընթացքում: Բայց մենք շարունակելու ենք քննադատել Իսրայելի սխալները»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` Դավութօղլուն շեշտել է, որ երկու երկրների միջև լավ հարաբերություններ հաստատելու ցանկությունը չպետք է սահմանափակվի միայն երկրների մակարդակով: Ըստ Դութօղլուի` անհրաժեշտ է, որ տարբեր աշխարհամասերում բնակվող հայերն ու թուրքերը նույնպես միմյանց հետ լավ հարաբերվեն:
«Հայերն ու թուրքերը միմյանց հետ ապրում են 10 դար: Ներկայիս խնդիրները վերջին կես հարյուրամյակի հետևանք են: Այդ պատճառով էլ մենք պետք է նայենք համատեղ ապրած մեր 10 դարերին»,- ասել է Ահմեթ Դավութօղլուն` միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ելույթից հետո Դավութօղլուն Լոնդոնից մեկնել է Փարիզ: