Բռնցքամարտ` թուրքական խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում աննախադեպ կատաղի ծեծկռտուք է եղել: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Օմեր Դինչերին հարց ուղղելու համար հերթագրվելու ժամանակ թուրքական մեջլիսում տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների պատգամավորների միջև երկխոսության փոխարեն բռնցքամարտ է սկսվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը, ծեծկռտուքը հրահրել է «ԱՇԿ»-ի պատգամավոր Օսման Դուրմուշը:
Վերջինս իր խոսքում քամահրանքով է հիշատակել ամենուր գլխաշոր կրող Էրդողանի տիկնոջ` Էմինե Էրդողանի մասին: Դուրմուշը նաև ասել է, որ Էրդողանին մարգարեի տեղ են դնում, հետևաբար ինչպիսի ակնածանքով պետք է վերաբերվեն նրա տիկնոջը: Դուրմուշի այս խոսքերը առաջացրել են Էրդողանի ու նրա կուսակցիների խիստ զայրույթը:
«ԱԶԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Բեքիր Բոզդաղը մոտենալով ամբիոնին Դուրմուշի ելույթը որակել է որպես անդաստիարակության հետևանք: Իսկ Էրդողանն էլ կոչ է արել իր կնոջ թեման չարծարծել, քանի որ դա անբարեկիրթ է: Այդ ընթացքում երկու կուսակցությունների պատգամավորների միջև սկսվել է ձեռնամարտ: Ծեծկռտուքը բաժանալու են շտապել
«Ժողովրդահանրապետական» ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները: Թուրքական լրատվամիջոցներն ուշագրավ են համարել այն, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանարապետական» կուսակցության ղեկավար իր բռնկուն խառնվածքով հայտնի Դենիզ Բայքալն այդ ողջ ընթացքում տեղից չի շարժվել: Մինչդեռ զուսպ ու հավասարակշիռ նկարագրի տեր առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, չդիմանալով հայհոյանքների տարափին, բռունցքները սեղմած նետվել է Օսման Դուրմուշի վրա: Վարչապետ Էրդողանը շտապ դուրս է եկել նիստերի դահլիճից: