Փոխնախարարն ազատվել է աշխատանքից իր իսկ ցանկությամբ
Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը պաշտոնից ազատվել է իր ցանկությամբ: Այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյան:
«Ուզում եմ տեղյակ պահել, որ Դավիթ Մուրադյանի ցանկությունն էր ազատվել փոխնախարարի պաշտոնից: Բավականին երկար զրուցել եմ նրա հետ: Նա որոշել է իրեն նվիրել ստեղծագործական աշխատանքին: Զգում է, որ ասելիք ունի, նոր լուրջ աշխատանք պետք է ավարտի: Մենք հարգել ենք նրա խնդրանքը»,- այսպես բացատրեց փոխնախարարի պաշտոնից ազատվելու փաստը` փորձելով հանգստացնել ԶԼՄ-ներին, որոնք, ինչպես ասաց վարչապետը, «վերջին շրջանում հարձակում են սկսել, թե ինչո՞ւ ենք ազատել մշակույթի փոխնախարարին»:
Վարչապետն ասաց, որ Դ. Մուրադյանի ստեղծագործական գործունեությունը իրենք բարձր են գնահատում ու ակնկալում են շուտով նոր ստեղծագարծություններ կարդալու հնարավարություն կունենան: Կառավարության ղեկավարը նրան բեղմնավոր աշխատանք ցանկացավ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ասաց. «Խոստացել էի նրան, որ թեթև կյանք կունեն նախարարությունում, սակայն այդպես չեղավ. բավական ծանր էր նրա աշխատանքը»:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հունվարի 21-ին որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2008 թվականի հուլիսի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա