Հայ-թուրքական արձանագրությունների հարցով Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը մեկնելու է ԱՄՆ և Շվեյցարիա
Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի կապակցությամբ պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ և Շվեյցարիա:
Ըստ թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքի` այդ մասին հայտնել է արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը: Վերջինս պարզաբանել է, որ Սինիրօղլուի մեկնումը նպատակ ունի շահագրգիռ կողմերին փոխանցել Անկարայի մտահոգություններն արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման առնչությամբ:
«Կանգնած գնացքի պատուհանից երբ նայում ես շարժվող գնացքին, քեզ թվում է, թե քո գնացքն էլ է շարժվում: Հայաստանի մոտեցումը այդպիսի մի աչքի խաբկանք է»,- համեմատություն է արել Օզուգերգինը` չընդգծելով, որ հենց Թուրքիան է թերացել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները կատարելիս և այդ փաստաթղթերի վավերացամն ընթացակարգը պահպանելիս:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակին հարց է ուղղվել նաև այն մասին, թե ճշմարիտ են արդյոք այն լուրերը, ըստ որոնց, «աթոռային սկանդալից» հետո Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելլիքոլընայլ պաշոտնում է նշանակվելու: Օզուգերգինը պատասխանել է. «Ոչ Չելլիքոլը նման ցանկություն ունի, ոչ էլ արտգործնախարարությունը` նման ծրագիր»: