Հրանտ Դինքին սպանած թուրքը բանտում ամուսնացել է
Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված Օգյուն Սամասթը 6 ամիս առաջ նշանադրվել էր, իսկ այժմ էլ բանտային պայմաններում ամուսնացել: Այս մասին հաղորդում է «CnnTurk» լրատվական ծառայությունը: Դինքի սպանությունից անցել է երեք տարի, այն ժամանակ Սամասթը 17 տարեկան էր:
Նշված լրատվամիջոցը մեծ ամոթ է համարում այն, որ, փաստորեն, մարդասպանը բանտում ամուսնանում է, իսկ սպանությունը հրահանգելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն էլ պետական ծառայության անցնելու համար պատրաստվում քննություն հանձնել:
Այս կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել «CnnTurk»-ի կայքէջի ընթերցողները, ովքեր զետեղել են իրենց մեկնաբանությունները կատարվածի առնչությամբ: Օրինակ`«kamelu unlu»-ն գրում է. «Էրգենեքոնի հեքիաթին չեմ հավատում: Իրականությունը թող ջրի երես դուրս գա: Հրազենի ձգանը քաշած այդ խամաճիկի` Թուրքիային պատճառած վնասը փողով չի չափվի: Թող իրադարձության ակունքն ու արմատը խորապես ուսումնասիրեն: Դինքի ընտանիքին դարձյալ համբերություն եմ մաղթում»:
Մեկ այլ ընթերցող «Kaacan»-ն էլ Սամասթին ուղղված իր զայրույթն արտահայտել է հետևյալ գրառությամբ. «Հապա տեսեք, այս մարդը բանտ մտնելուց առաջ չոփի պես բարակ էր: Իսկ այժմ տեսեք ինչ է դարձել: Ի°նչ եղավ, որ այդպիսի կիլոգրամներ հավաքեց իր վրա: Որպես պարգևավճար ամեն օր քյաբաբ ու շաշլի°կ է ուտում: Դե իհարկե, հերոսը` բանտում»:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր հրապարակախոս, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրության շենքի առջև: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել էր իր մեղքը։ Պետական մեղադրողը պահանջում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին ու կատարողներին դատապարտել խիստ ռեժիմի ցմահ բանտարկության, իսկ դրան մեղսակից անձանց՝ 22-ից մինչեւ 48 տարվա ազատազրկման: