Zaman. ղարաբաղյան «մեսիջ»` Մյունխենում
Թուրքական «Զաման» (Zaman) թերթի տեղեկացմամբ` անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող Թուրքիայի արտգործնախարարը և Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել: Հղում տալով անանուն դիվանագիտական աղբյուրներին` «Zaman»-ը հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, կարծիքներ փոխանակել Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ:
Դավութօղլուն վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, ըստ որի, հայ-թուրքական սահմանը չի բացվի առանց ղարաբաղյան խնդրի լուծման:
Ալիևն անցած ամիս Ռուսաստանի Սոչի քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած եռակողմ հանդիպման մասին տեղեկություններ է հաղորդել Դավութօղլուին, ներկայացրել ղարաբաղյան խնդրի լուծմանն առնչվող վերջին զարգացումները: Դավութօղլուն էլ Ալիևին ներկայացրել է Անկարայի մտահոգությունները ՀՀ ՍԴ-ի որոշման կապակցությամբ և այդ թեմայով Միացյալ նահանգների պետքարտուղարի ու ՀՀ արտգործնախարարի հետ Լոնդոնում ունեցած քննարկումները:
Տեղեկացվում է, որ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը միջնորդած Շվեյցարիայի արտգործնախարարի հետ, ինչպես նաև Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի և Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ: