CnnTurk. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի կարծիքով հայ-թուրքական գործընթացը կարող է տևել 5-10 տարի
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը հուսադրող է համարել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին նա հայտնել է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Գործընթացը կարող է ժամանակատար լինել, բայց առաջին քայլն արդեն արված է»,- ասել է Անկարա ժամանած Յագլանդը:
Տեղեկացնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Եվրախորհրդի գործող նախագահությունը փոխանցվելու է Թուրքիային: Յագլանդը նշել է, որ ինքն Անկարայից մեծ ակնկալիքներ ունի, հատկապես տարածաշրջանային դերակատարության առումով:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան դրական է համարել հարևանների հետ հարթ հարաբերություններ հաստատելուն միտված Թուրքիայի ջանքերը: Մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ Յագլանդն ասել է հետևյալը.
«Կարճ ժամանակահատվածում արդյունքն ինչիպիսին կլինի, չեմ կարող իմանալ: Չգիտեմ` արձանագրությունները կվավերացվե՞ն երկու երկրների խորհրդարաններում: Այդ հարցում քաղաքական խոչընդոտներ կան: Բայց առաջին քայլն արված է: Վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու: Գործընթացը կարող է 5-10 կամ էլ 20 տարի տևել, բայց Հայաստան ու Թուրքին երկու հարևաններ են»:
Յագլանդը խոսել է նաև Թուրքիայի սահմանադրական բարեշրջումների անհրաժեշտության մասին: Եվրապաշտոնյան մասնավորապես ընդգծել է, որ Թուրքական իշխանությունները պետք է սահմանադրորեն երաշխավորեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից և ընդունվել 1982 թվականին: Թուրքիայի սահմանադրությունից Արևմուտքը դժգոհ է և անընդհատ բարձրաձայնում է դրա բարեփոխման անհրաժեշտության մասին: