Ո՞ր համատիրությանը շատ շենք կհասնի
Արաբկիր համայնքի 2 համատիրություններ այսօր ՀՀ Վարչական դատարանում վիճարկում էին, թե ում որքան շենք է պատկանում:
Այսօր պետք է տեղի ունենար այս գործով 2-րդ դատական նիստը` դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, սակայն այն, առանց պատճառաբանության, հետաձգվեց: Դատական հաջորդ նիստի օրն ու ժամը եւս անհայտ մնաց, միայն նշվեց, որ այդ մասին նախապես կծանուցվի:
Դատարան հայցը ներկայացրել էր «Տանիք» համատիրության նախագահ Սուրեն Սինանյանը, որի համոզմամբ` Արաբկիրի պետ.ռեգիստրը կրկնակի գրանցում է կատարել: Արդյունքում, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց` իր համատիրությունից 8 շենք ապօրինաբար հայտնվել է «Այգեձոր» համատիրությունում: Ըստ նրա` դա Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի մտահղացումն էր, որի կողմից է 2008թ. ստեղծվել «Այգեձոր» համատիրությունը:
«Նրանց նպատակն է իրենց համատիրությունում շատացնել շենքերը, քանի որ ընդամենն ունեն 2 շենք, իսկ իմ համատիրությունը ստեղծվել է 1998թ.-ին է եւ ունի 24 շենք, որից կրկնակի գրանցման արդյունքում մնացել է 16-ը: Նրանք խաբեությամբ, կեղծ ստորագրություններով են վերցրել իմ շենքերը` օրենքին հակասելով»,- նշեց նա` միաժամանակ չժխտելով, որ բնակիչներն իսկապես ստորագրություններ տվել են: Սակայն, ըստ նրա` դա քիչ է, քանի որ այդ գործարքն օրինական լինելու համար հարկավոր է, որ նրանք նաեւ դիմումներ ներկայացնեն համատիրություն, ժողովի արձանագրություն կազմվեր, որն էլ կներկայացվեր պետ.ռեգիստր, որտեղից էլ այդ շենքերը դուրս կգրվեին:
«Այգեձոր» համատիրության գլխավոր ճարտարագետ Սամվել Նովենցն ամբողջովին ժխտեց Սուրեն Սինանյանի ասածները: Ըստ նրա` անօրինականություններ արել է հենց ինքը` Սինանյանը: «Նա ոչինչ չի արել ու անում իր բնակիչների համար: Նա գրպանահատում է իր բնակիչների գումարները, բնակչությունը չի ցանկանում նրա հետ աշխատել»,- ասաց պարոն Նովենցն` ավելացնելով, որ բնակիչների դժգոհությունը Սուրեն Սինանյանից գալիս է նրանից, որ վերջինս աշխատանքներ չի կատարել վերոնշյալ շենքերի պահպանման համար:
Երկու համատիրությունների միջեւ այս վիճաբանությունը սկսվել է անցած տարվա սկզբից, երբ տվյալ 8 շենքերի բնակիչները, ըստ Նովենցի` իրենց կամքով դիմել են «Այգեձոր» համատիրությանը. «Ինչքան համատիրության մեջ շատ լինեն շենքերը, այնքան բնակչության համար լավ կլինի, այսինքն` կարող են մեծ գումարներ ներդրվել շենքի վերանորոգման համար»,-ավելացրեց Սամվել Նովենցն` միաժամանակ ժխտելով, որ իրենք որեւիցե առնչություն ունեն Ալբերտ Երիցյանի հետ:
Նարինե Իրիցյան
www.a1plus.am, 03 փետրվարի, 2009
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան