Հայաստանից բողոքող Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Շվեյցարիայից հետո մեկնելու է ԱՄՆ
Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները:
Աղբյուրի հաղորդմամբ` այդ մտահոգությունները երկուսն են` արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության N252 բանաձևը:
Նշվում է, որ այս մտահոգությունները Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչն արդեն հայտնել է հայ-թուրքական մերձեցման գործընթացին միջնորդած շվեյցարական կողմին:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձևին ներկայումս աջակցում է 135 կոնգրեսական: Այդ բանաձևը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին և այլն։
Հիշյալ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: