Թուրքիայի կառավարությունը հերքում է. Ժ.Շիրակը Էրդողանին ֆրանսիա հրավիրելիս տիկնոջը հետը չտանելու մասին չի ակնարկել
Թուրքական մամուլում մեծ աղմուկ բարձրացրած ընդդիմադիր գործիչ Դենիզ Բայքալի հայտարարությունը, ի վերջո, պաշտոնապես հստակեցվել է: Հիշեցնենք, որ նախօրեին իր գլխավորած «Ժողովրդահանրապետական կուսակցության» ժողովի ժամանակ Բայքալը ասել էր, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի վարչապետ Էրդողանին Ֆրանսիա հրավիրելիս ակնարկել էր, թե Էրդողանն իր տիկնոջը հետը չտանի, քանի որ վերջինիս գլխաշոր է (հիջաբ) կրում է:
Ավելի ուշ Բայքալի գրասենյակից տեղեկացրել էին, որ վերջինս սխալմունք է թույլ տվել, այսինքն խոսքը վերաբերում է ոչ թե Ֆրանսիայի ներկայիս նախագահին, այլ նախկին նախագահ Ժակ Շիրակին:
«Զաման» (Zaman) թերթի պարզաբանմամբ` Թուրքիայի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, Բայքալի հիշյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Հերքում է ստացվել նաև Ֆրանսիայում թուրքական դեսպանատնից: Թուրք դեսպանը հիշեցրել է, որ և նախագահ Գյուլը, և վարչապետ Էրդողանը Ֆրանսիա կատարած իրենց վերջին այցերի ժամանակ էլ եղել են իրենց տիկնանց հետ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի կանայք իսլամական կրոնի պահանջով կրում են հիջաբ, որը զայրացնում է Թուրքիայի աշխարհիկությանը կողմակից քաղաքական ուժերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը 2008-ին չեղյալ էր հայտարարել այն օրինագիծը, ըստ որի, Թուրքիայի բուհերում հանվում էր հիջաբ կրելու արգելքը։ Այդ որոշումը Սահմանադրական դատարանը հիմնավորել էր հետևյալ կերպ. այդ օրինագիծն սասանում է աշխարհիկ պետության հիմքերը։
Նախորդող նորություն` Էրդողանի կնոջ գլխաշորի թեման միջազգային սկանդալի առիթ կարող է դառնալ