Ուռուցքաբանական համալիրի կառուցման ներդրումային փաթեթներն արդեն պատրաստ են
Հայաստանում մտադիր են ստեղծել ուռուցքաբանական համալիր, որի կազմում կընդգրկվի բժշկական նպատակներով ռադիոիզոտոպների արտադրության ցիկլոտրոն: Այսօրվա նիստից հետո այս մտադրության մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Մեկ ցիկլոտրոնի արժեքը հասնում է 11 մլն եվրոյի, ուռուցքաբանական համալիրի ստեղծումը նախնական տվյալներով գնահատվում է 30-40 մլն եվրո: Միջոցները մտադիր են ներգրավել մասնավոր ներդրողներից: Բ. Փափազյանի խոսքով, արդեն պատրաստ են ներդրումային փաթեթները, բանակցություններն էլ ավարտական փուլում են:
Փափազյանի խոսքով, այս ծրագիրը տարածաշրջանում բավականին հեռանկարային է և Հայաստանին թույլ կտա մեծացնել մրցունակությունը առողջապահության բնագավառում:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-14-ը կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստը բացել է վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգում են քննարկումներ մրցունակության հիմնադրամի եռամյա գործունեության պլանավորման, ընթացիկ տարվա բյուջեի և ակնկալվող արդյունքների շուրջ:
Քննարկման են դրվել Կրթության և գիտության մրցունակության կենտրոնի ծրագրի իրագործելիության ուսումնասիրության արդյունքները: Ներկայացվել է Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության` հիմնադրամի հետ միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը և հիմնադրամի համագործակցությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
Նիստին քննարկվել է նաև մրցունակության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաև կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան