Քլինթոն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի հարցը
Կատարում գտնվող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Հանդիպման օրակարգում, ըստ «Սի Էն Էն» (CnnTurk) լրատվական ծառայության, եղել է անցած շաբաթ Արևմուտքին անհանգստացրած Իրանի ուրանի հարստացման ծրագիրը:
Տեղեկացվում է, որ Քլինթոնը փորձել է Էրդողանին համոզել Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնել:
Աղբյուրի հաղորդմամբ` Քլինթոն-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի, Կիպրոսի, Մերձավոր Արևելքի, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական կապերի և Իրաքի հետ կապված մի շարք հարցեր:
«Four Seasons» հյուրանոցում կայացած հանդիպումը տևել է 1 ժամ` չնայած նախատեսվել էր 20 րոպե: Կողմերն իրենց հանդիպումն արդյունավետ են գնահատել:
Էրդողանը Քլինթոնին հայտնել է, որ արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը բարդություն է ստեղծում կարգավորման գործընթացի համար: Էրդողանն ընդգծել է, թե Անկարան իրենից պահանջված քայլերն արել է` հավելելով.
«Հայաստանի հարցը մենք դիտում ենք որպես Կովկասում համընդգրկուն կարգավորման գործընթացի մի մաս: Կարևոր դերակատարություն ստանձնած Մինսկի խումբն էլ լուծման հասնելու համար պետք է իր ջանքերն ավելացնի»:
Քլինթոնն էլ նշել է, որ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է շարունակել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ մեկնել էր Կատար` այդ երկրի վարչապետ շեյխ Համադ բեն Յասսեմ ալ Թանիի հրավերով:
Թուրքական կառավարության ղեկավարն իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկել է նախարների, պատգամավորների և գործարարների:Կատարի մայրաքաղաք Դոհայում փետրվարի 13-ին կազմակերպվել է ԱՄՆ-Իսլամական աշխարհ հերթական ֆորումը, որտեղ Էրդողանը հանդես է եկել գլխավոր բանախոսի դերում: