Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը
Միացյալ Թագավորության Խորհրդարանի Ստորին պալատի արդեն իսկ 254 անդամներ նախորդ շաբաթ ստորագրել են 1915 թվականի Հայերի և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկության տակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը (Jean Eckian):
Ըստ տեղեկատվության, խորհրդարանի 646 անդամներից միայն 495-ն ունեն իրավունք արտահայտելու իրենց սեփական տեսակետը այդ առաջարկության վերաբերյալ, քանի որ մյուս 151-ը կամ կառավարության մաս են կազմում, կամ էլ ունեն այլ դերակատարություն, ինչի պատճառով էլ չեն կարող ստորագրել:
Խորհրդարանականների առաջարկության մեջ, որը կոչվում է Early Day Motion, գրված է.
«Այս պալատը դատապարտում է ինչպես Հոլոքոստի, այնպես էլ 1915-ին Թուրքիայում հայերի ու ասորիների ցեղասպանության միանգամայն ժխտումը և այն քաղաքական գործիչներին, ովքեր ատելությամբ ու ճնշումներով իրականացրել են այդ ամենը»: Գրված է նաև. «Անդամներին կոչ ենք անում հարգել Հոլոքոստի հիշատակի օրը և երաշխավորել, որ Հոլոքոստը, 1915-ի Ցեղասպանությունը և մեր ժամանակներում կատարված վայրագությունները, ինչպիսին օրինակ 1988-ին Անֆալի Ցեղասպանությունն է, երբեք չմոռացվեն»:
Ուելսում գործող հայկական «Հայկական համերաշխություն» կազմակերպության մամլո խոսնակ Էլիան Ուիլյամսը լրագրողին ասել է.
«Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև Եվրոպական Միության մյուս երկրները պետք է ընդունեն, որ Թուրքիայի ներկա սահմանները հիմնված են հայ և ասորի հասարակությունների ցեղասպանության վրա: Թուրքիայի կողմից 1923-ին հայ և ասորական եկեղեցիների ու տարածքների բռնագրավման խնդիրը պետք է մեծ ուշադրության արժանանա Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրման ճանապարհին»: