Թուրքիայի արտգործնախարարության խորհրդականն այսօր ԱՄՆ-ում հանդիպումներ է ունենալու Հայաստանի հարցով
Թուրքական դիվանագիտական կորպուսներում ակտիվ «զորաշաժեր» են սկսվել. օրակարգում իրանական ու հայկական թեմաներն են:
«CnnTurk» լրատվական ծառայությունը նկատել է տալիս, որ , երբ Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը ուղևորվեցին Կատար, արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Աղբյուրի տեղեկացմամբ` Սինիրօղլուն փետրվարի 16-ին վճռորոշ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի արտգործնախարարության և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Ըստ աղբյուրի, Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչն ամերիկյան կողմին ոչ միայն փորձելու է ներկայացնել, թե իբր Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վնաս է հասցրել հայ-թուրքական կարգավորման գործընթացին, այլ նաև` հայտնել Անկարայի մտահոգությունն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ:
Տեղեկացվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խորհրդական Վիլյամ Բուրնսը էլ իր տարածաշրջանային այցի շրջանակներում այս շաբաթ այցելելու է Անկարա: