ԿԳՆ. Համագործակցության նոր հնարավորություններ
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի տարածաշրջանային ՄԿՈՒ ծրագրերի խորհրդատու Վիկի Թիփթոնի հետ: ԿԳՆ տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում ամփոփվել են «Հմտություններ աշխատանքում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և քննարկվեցին միջին մասնագիտական կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի կողմից նախատեսված հաջորդ երեք տարիների գործողությունների ծրագիրը:
Ա. Ավետիսյանը, բարձր գնահատելով ոլորտում Բրիտանական խորհրդի կատարած աշխատանքը, նշել է, որ նախորդ ծրագիրը, որն իրականացվում էր 2006-2009թթ., կարևոր էր երկու առումով` ընտրված էր մեխատրոնիկա մասնագիտությունը, որը ինֆորմատիկայի և հաղորդակցության ոլորտում ապահովելու էր ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան կադրերի բարձր մակարդակ և ըստ այդմ, տնտեսության առաջանցիկ զարգացում, և ծրագիրը կազմակերպված էր միջին մասնագիտական կրթության ոլորտում, որը լուրջ ծավալային դերակատարում պետք է ունենա առաջիկայում երկրի աշխատաշուկայի ձևավորման գործում:
Բրիտանական խորհրդի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Վ. Թիփթոնը, ներկայացնելով Երևանի ինֆորմատիկայի պետական և Բրեդֆորդի քոլեջների միջև ձևավորված համագործակցությունը, նշել է, որ հանդիպումներ են կազմակերպվել քոլեջների կոլեկտիվների, ծնողների և ուսանողության հետ: Արդյունքները գոհացուցիչ են և հիմք են ստեղծում, որ այս ծրագիրը պիլոտայինից տեղափոխվի ներդրման փուլ` ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ:
Քննարկելով առաջիկա երեք տարվա ծրագրերը, Ա. Ավետիսյանն առաջարկել է աջակցել հաստատությունների միջև միասնական ընդհանուր համացանցի ձևավորմանը, որը հնարավորություն կտա մասնագիտական շփումների, փորձի փոխանակման և գործատու-սովորող կապի ապահովման համար: Նախարարի տեղակալը, հաշվի առնելով նախորդ ծրագրի արդյունքները, առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության և սպասարկման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում` այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծման ուղղությամբ խորհրդատվական աջակցության տրամադրումը: