Իէն Գիլանը և Թոնի Այոմին գործիքներ են նվիրել Գյումրիի դպրոցին
Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) և Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) գործիքներ են նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:
Երևան են բերվել պրոֆեսիոնալ գործիքները Fender Musical Instruments Corporation-ից. ճապոնական Takamine ֆիրմայի 4 ակուստիկ կիթառներ և ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք: Երաժիշտները դպրոցին նվիրել են նաև Paiste կիմբալներ և Vic Firth թմբուկի փայտիկներ` տրամադրված John Henrys Ltd ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը և Թոնի Այոմին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի և ավստրալիական Do Something ընկերության կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում այցելել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ռոք աստղերի հետ զրույցում ասել էր, որ իր աշակերտները շատ կցանկանային ունենալ լավ կիթառներ ու հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում և մինչ օրս տեղակայված է ժամանակավոր կացարաններում:
Մարտի 26-ին և 27-ին Երևանում կկայանան Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:
«Մեդամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին երաժշտական գործիքները Երևան տեղափոխելուն աջակցելու համար: Իէն Գիլանի և Թոնի Այոմիի նվերը Երևան է հասել ՀՀ նախագահի ինքնաթիռով, ով նախորդ շաբաթ այցելել էր Լոնդոն: «Դա շատ խորհրդանշական է, քանի որ Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացվում է երկրի ղեկավարի հովանու ներքո»,- նկատել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրենը:
Ակնկալվում է, որ գործիքները դպրոցի ներկայացուցիչներին կհանձնվեն մարտին` Իէն Գիլանի Հայաստան այցի շրջանակներում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Իէն Գիլանի` մարտի 26-ին և 27-ին կայանալիք համերգների գլխավոր հովանավորն է: Համերգների գործընկերը bmi ավիաընկերությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան