Ընտրվեց Սամվել Նիկոյանը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Խորհրդի այսօրվա նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Պարգևի Նիկոյանը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ համալսարանի Խորհուրդը նախագահել է ՀՀ Վարչապետի խորհրդական, պետական և հասարակական ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, ով կնքեց իր մահկանացուն հունվարի 10-ին:
«Կարծում եմ, որ իր նախագահության ժամանակաընթացքում` որպես իսկական պոլիտեխնիկցի, իր գործունեությունը կծավալի այնպես, ինչպես և կերտել է իր ինժեներական կենսագրությունը` կարճ ժամանակում դառնալով Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ»,- Նիկոյանի մասին այսպես խոսեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:
Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հիշեցնում են, որ Սամվել Նիկոյանը ծնվել է 1958թ.: 1982թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը:
1982-1990թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, այնուհետև ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, ապա` արտադրամասի պետ: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ:
2003-2007թթ.` եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 2005թ. պարգևատրվել է Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Բուհի Խորհուրդը ձևավորվում է ՀՀ Կառավարության սահմանված կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է, այդ թվում նաև` ուսանողները (թվով` 8` Խորհրդի կազմի 25%-ը):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան