Ադրբեջանցիները Իլհամ Ալիևի մորը հիշելու դրական առիթ կստանան
Ադրբեջանի Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելու է տոնական օրերի օրացույցի փոփոխություն մտցնելու օրինագիծը: Ըստ այդմ` ադրբեջանցի խորհրդականներից մեկն առաջարկում է տոնական օրացույցից հանել կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, ընդ որում` առաջարկելով այդ տոնը նշել ապրիլի 28-ին` ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանգուցյալ մոր ծննդյան օրվա: Այս մասին նշվում է eurasianet.org կայքում:
Վերոնշյալ նախագիծը ներկայացրել է իշխանամետ պատգամավոր, անկուսակցական Էլմիրա Ախունդովան` դեռևս փետրվարի 2-ին: Նա նշել է, որ այդ տոնի ներդրմամբ, ադրբեջանական ժողովուրդն իր հարգանքը կարտահայտի Ադրբեջանի նախագահի մոր` Զարիֆի Ալիևայի հիշատակին: Նա ասել է, որ մարտի 8-ը որպես տոն կորցրել է իր նշանակությունը և ժամանակն է փոխել այդ տոնը:
Հոդվածագրի հեղինակը նշում է, որ շատ ադրբեջանցի կանայք դեմ են այս օրինագծին: Օրինակ` Բաքվի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նիգար Չինգիզգիզին նշել է, որ ինքն սկզբունքորեն չի նշելու այդ տոնը, քանի որ պատգամավորներն իրենց առաջարկներով «լիզում են նախագահի կոշիկները»: Նա նշել է, որ ավելի լավ կլիներ, որպեսզի պատգամավորներն իրենց ժամանակն օգտագործեն առավել կարևոր հարցերի կարգավորելու ուղղությամբ:
Հոդվածագրի հեղինակը` Մինա Միրադովան ընդգծել է, որ այսօր մի շարք դպրոցներ, այգիներ, պուրակներ, փողոցներ արդեն իսկ անվանակոչված են նախկին նախագահ Հեյդար Ալիևի և նրա կնոջ անունով: Ակնհայտ է, որ Ադրբեջանում գնալով մեծ թափ է առնում Ալիևնի ընտանիքի պաշտամունքը: Այն դրսևորվում նրանով, որ երկրում գոյություն չունի գեթ մեկ շրջան, որտեղ չլինի մի այնպիսի բնակավայր, որտեղ այս կամ այն ձևով հիշատակված չէ Ալիևների անունները: Մի շարք կենտրոնական շրջաններում, հրապարակներում կարելի է հանդիպել Հեյդար Ալիևի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նրա և իր տիկնոջ արձաններին:
Միրոդավան համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում շատերն այս խնդիրը կապում են առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ: Հարցն այն է, որ Ադրբեջանում ինչ-որ պաշտոնի հասնելու և առհասարակ աշխատանքային գործունեության մեջ վերելք ապահովելու ամենակարճ ճանապարհը նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է: Եվ պատահական չէ,որ նույնիսկ մասնավոր հատվածում, գործարարները որևէ առևտրային կենտրոններ կամ մարզական համալիրներ կառուցելիս ևս առաջնորդվում են այս սկզբունքով: Դրանում կարելի է համոզվել` շրջայց կատարելով Ադրբեջանի մարզական համալիրներով: Նույնիսկ Կասպից ծովում կարելի է հանդիպել շրջագայություններ իրականացնող լաստանավերի, որոնք անվանակոչված են տեր և տիկին Ալիևների պատվին: