Վիկ Դարչինյանը լրջորեն մտածում է MMA տեղափոխվելու մասին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մտածում է խառը մարտարվեստ տեղափոխվելու մասին: Հայաստանում ծնված բռնցքամարտիկը, ով ներկայումս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց ապրում է Ավստրալիայում, ավստրալիական «Daily Telegraph» թերթի թղթակցին ասել է, որ հույս ունի ուժերը փորձել MMA-ում արդեն այս տարի կամ 2011 թ. ընթացքում:
«Ուզում եմ այդ գործում նույնպես փորձել ուժերս,- նշել է Դարչինյանը:- Երիտասարդ տարիքում զբաղվել եմ ըմբշամարտով, ուստի հավատում եմ, որ կարող եմ հաջողությամբ կռվել»:
Վիկը կարծես թե լրջորեն է տրամադրված: Նա արդեն երկար ժամանակ մարզվում է UFC-ի մարզիկ Ջեյմս Տե Հունի հետ, ով շուտով կանցկացնի 110-րդ մենամարտը:
Ավելացնենք, որ Դարչինյանի հայրը Հայաստանի ըմբշամարտի օլիմպիական հավաքականի մարզիչն է: