ԵՄ. Ադրբեջանում կասկածելի դրդապատճառներով լրագրողներ են ազատազրկվում
Եվրամիության նախագահությունը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների և այլ անձանց խոսքի իրավունքի արտահայտման առնչությամբ ստեղծված իրավիճակով: ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք լրագրողներ կասկածելի դրդապատճառներով ազատազրկվել են: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել «Реальный Азербайджан» և «Гюнделик Азербайджан» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլ Ֆաթուլլաևի հետ: Նա 2007 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման: Չնայած այն հանգամանքին, որ Ֆաթուլլաևը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2009 թվականի դեկտեմբերի 31-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին մասնակցություն ունենալ Եվրոպական դատարանում ընթացող գործընթացին, ինչպես նաև հետևել նրա կայացրած որոշումներին: ԵՄ հիշեցնում է 2009 թվականի նոյեմբերի 19-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի ելույթը, որտեղ խոսվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և ԶԼՄ-ի ազատության վիճակի մասին:ԵՄ կոչ է անում ադրբեջանական կողմին` հետևելու ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություները կատարմանը: