Հ. Հակոբյան. «Հայոց լեզվի պահպանության հարցը մեր ազգի խնդիրն է»
«Ուուսումնասիրելով Սփյուռքում արևմտահայերենի վիճակը` պարզեցինք, որ Ստամբուլում, Փարիզում, Բեյրութում և այլ երկրների հայակական գաղթօջախներում արևմտահայերենն ուսուցանվում է տարբեր դասագրքերով և տարբեր ծրագրերով»,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ վերոնշյալ խնդիրը լուծելու համար մայիսի 29-31 ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ Գրողների միության հետ համատեղ կազմակերպելու է գիտամեթոդական համաժողով ` «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմայով:
«Այս համաժողովի արդյունքում մենք նպատակ ունենք կազմավորել Սփյուռքի և Հայաստանի գիտնականներից և մանկավարժներից կազմված հանձնաժողով` ստեղծելու համահայկական դասագրքեր` տարրական, միջին և ավագ դպրոցի համար: Մեր պետությունն էլ կերաշխավորի այս դասագրքերը` Սփյուռքի դպրոցներում ուսուցումը դրանցով կազմակերպելու համար»,- ասաց նա:
Նախարարը նաև հայտնեց, որ ապրիլի 25-26-ը անցկացվելու է մեծ համաժողով` «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» թեմայով:
«Մեր նպատակն է, որ խառն ամուսնության արդյունքում ստեղծված ընտանիքում երեխան մեծանա հայ մշակույթի կրողը, իսկ դրա համար մենք պետք է գտնենք այն ձևերը և մոտեցումները, որոնք կնպաստեն դրան»,- հավելեց նա:
Նա նաև հայտնեց, որ այս տարի Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել է երկու մրցանակաբաշխություն` Սփյուռքի լավագույն հայ կրթօջախ, որի նպտական է հայապահպանության և հայագիտության խնդիրները հզորացնել Սփյուռքում, իսկ երկրորդը` Հայ լրագրող. մամուլը իր ազդեցությամբ անգնահատելի հետք է թողնում հասարակության մեջ:
Հ. Հակոբյանի խոսքով, Սփյուռքում հայապահպանության հարցում մեծ օգնական են ՀՀ դեսպանատները, որոնց համար սփյուռքի նախարարությունը արդեն մշակել և ուղղարկել է ողջ տարվա համար միջոցառումների ծրագրեր, որոնք պետք է անցկացվեն ողջ տարվա ընթացքում:
Նախարարը նշեց, որ հայոց լեզվի պահպանության հարցը մեր ազգի խնդիրն է: