Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Երևանում
Նախորդ տարվա նոյեմբերի 12-13-ը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել էր Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը և հեռանկարները: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաձայն պայմանավորվածության` ռուսական կողմը խոստացել էր Հայաստան գործուղել բուհի երկու պրոռեկտորներին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու, մասնաշենքի և ֆակուլտետային նախնական ընտրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները քննարկելու նպատակով:
Հանդիպումից երեք ամիս անց Հայաստան են ժամանել Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Ն. Սյոմինը և ուսումնական գծով պրոռեկտոր Ն. Անիսիմովը, որոնց այսօր ընդունել է նախարար Ա. Աշոտյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ և հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար:
«Համագործակցությունը կրթության ոլորտում մեր երկու երկրների համար համարվում է գերակա ուղղություն, և բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումն այսօր հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրը»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների երտասարդների համար Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը:
Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Պրոռեկտոր Ն. Սյոմինը, շնորհակալություն հայտնելով ռուսական կրթության և, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, նախարարին փոխանցել է ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները և հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին:
«Մեր երկրների միջև համագործակցությունն ունի խոր արմատներ և ձևավորված ավանդույթներ: Գաղտնիք չէ, որ մեծ է հայ գիտնականների ավանդը Ռուսաստանի գիտության զարգացման մեջ, և ես վստահ եմ, որ այս համագործակցությունը երկու երկրների միջև արդյունավետ կլինի ոչ միայն գիտակրթական, այլ նաև սոցիալական և մշակութային ինտեգրման տեսանկյունից: Բարձրակարգ կադրերի պատրաստման տեսանկյունից սա նոր, շատ կարևոր և, հուսով եմ, շարունակական քայլ է, որը թույլ կտա ավելի բարձրացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»,-նշել է պրոռեկտորը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծի մանրամասներին. ըստ նախնական քննարկումների` սկզբնական շրջանում նախատեսվում է ունենալ երկու ֆակուլտետ:
Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս է հայտնել, որ այս նախագիծը նոր խթան կհանդիսանա հետագա համագործակցության համար: