ԱՄՆ պետքարտուղարության խորհրդականը Անկարայում քննարկելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն իր նախորդի` Ջորջ Բուշ կրտսերի, որը Սիրիան հայտարարել էր «չարի առանցք»-ի երկիր, քայլեր է ձեռնարկում այդ երկրի հետ հարաբերությունները ջերմացնելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը` հավելելով, որ այդ տեսանկյունից պետք է դիտվի ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական Վիլիամ Բուրնսի այցը Սիրիա:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և արտգործնախարար Վելիս Մուալլիմի հետ: Բուրնսը հանդիպումների ժամանակ հայտնել է Վաշինգտոնի աջակցությունը Թուրքիայի միջնորդական դերակատարությանը` Իսրայել-Սիրիա բանակցություններում:
Տեղեկացվում է, որ պետքարտուղարության խորհրդականը Դամասկոսից հետո ուղևորվելու է Բաքու, այնուհետև` Անկարա, որտեղ հանդիպելու է իր թուրք պաշտոնակից Ֆերիդուն Սինիրօղլուի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ` Բուրնսը հանդիպելու է նաև թուրք բարձրաստիճան զինվորականների հետ` քննարկելու «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) դեմ համատեղ պայքարի հարցը:
Թուրքիայում տեղի ունենալիք հանդիպումների օրակարգում լինելու են Իրանի միջուկային ծրագրերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործըթնացը և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևը: