«Գեղեցիկը կփրկի աշխարհը...»
Գեղագիտական ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հրեշտակի թրթիռ» խորագրով կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Այս մասին տեղեկացաք ԿԳՆ նախարարության տեղեկատվության և հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսում ներկայացված էր կենտրոնի նախկին սան և այժմ կենտրոնի ուսուցչուհի Աննա Գաբրիելյանի սաների նկարները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, նախարարը նշել է. «Գեղագիտության ազգային կենտրոնը շարունակում է պահպանել մեր լավագույն ավանդույթները: Այսօրվա ցուցահանդեսն իր մեջ միահյուսել է հոգևորը, մշակութայինը և կրթականը:
«Երեխաները ստեղծագործել են մի խորագրի ներքո` «Հրեշտակի թրթիռ», և իրականում միահյուսվել է աշխարհի նկատմամբ իրենց պատկերացումների մեջ այն ամենը, ինչ որ արժե պահպանել ողջ կյանքի ընթացքում: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաները, ինչպես նաև գեղագիտական կենտրոնի սաները պահպանեն աշխարհի նկատմամբ այն վերաբերմունքը, այն ընկալումը, որ ունեն նրանք այսօր: Մշակութային մարդը չի կարող կիրթ չլինել և կիրթ մարդը չի կարող չլինել մշակութայնին մարդ: Մշակույթը և գիտելիքը դա նույն շքանշանի երկու կողմերն են, որովհետև այն մարդը, որ իր մեջ չի կրում հոգևորը, գեղեցիկը, այդ մարդը, անգամ գիտելիքով զինված լինելու դեպքում, չի կարող լիարժեք պիտանի լինել հասարակությանը, տնտեսությանը»- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայտարարվել է գիրք նվիրելու օր և կենտրոնին նվիրեց գրքեր:
Նախարարը պարգևներ է հանձնել կենտրոնի սաներին, ովքեր մասնակցել էին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպված կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին և արժանացել պատվոգրերի և հատուկ մրցանակների:
Նախարարը շրջել է դահլիճում, դիտեց երեխաների նկարները: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների շարքը եզրափակում էր ազատ շրջանակը, որը նախատեսված էր Ա. Աշոտյանի բարեմաղթանքի համար: Նախարարը գրել է. «Գեղեցիկը կփրկի աշխարհը...P.S. Գիտելիքը այն կդարձնի ավելի հարմարավետ ու անվտանգ»: