Սկսվել է գիտական կազմակերպությունների անձնագրավորման նոր փուլ
Անձնագրավորումն իրականացվում է գիտության պետական կոմիտեի կողմից և նպատակ ունի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքների հիման վրա հնարավորինս ճշգրիտ գնահատել Հայաստանի գիտական ներուժը և առկա ենթակառուցվածքը:
Գիտական կազմակերպությունների անձնագրավորում առաջին անգամ իրականացվել է 2008 թվականին: Նախօրեին տեղի ունեցած սեմինարում կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, անձնագրավորման նախորդ փորձը ցույց էր տվել, որ անձնագրերը կազմելու նպատակով կոմիտեի կողմից կազմակերպություններին տրամադրված հարցաթերթիկները լրացվել են որոշակի բացթողումներով:
Նա կարևորել է տվյալների լրացման ճշգրտությունը՝ նշելով, որ ըստ դրանց որոշվելու է նաև կազմակերպությունների վարկանիշի խնդիրը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեմինարին կոմիտեի մասնագետները մանրամասնորեն ներկայացրել են գիտական կազմակերպության անձնագրի լրացման ձևերը, պատասխանեցին ներկաների հարցերին: