Եվգենի Պլյուշչենկոն բավարարվեց արծաթե մեդալով
2006 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Վանկուվերում ընթացող «Օլիմպիադա-2010»-ում չկարողացավ պաշտպանել իր կոչումը` տղամարդկանց մենասահքում գրավելով երկրորդ տեղը: Կարճ ծրագրի արդյունքներով ռուս գեղասահորդն առաջատարն էր, սակայն այնուհետև զիջեց ամերիկացի Էվան Լայսաչեկին: Երրորդ տեղը գրավեց ճապոնացի Դայսուկ Տակահասին:
Նշենք, որ ամերիկացի Լայսաչեկը հավաքեց 257,67 միավոր, մինչդեռ Եվգենի Պլուշչենկոն ելույթներն ավարտեց 256,36 արդյունքով: իսկ Ճապոնիայի ներկայացուցիչը երկու ծրագրի արդյունքով վաստակեց 247,23 միավոր:
Արծաթե մեդալակիր հռչակվելուց հետո Պլյուշչենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան ղեկավարությունը պետք է մեծ փոփոխություններ կատարի մարզական համակարգում:
«Անհրաժեշտ է փոխել նախապատրաստության ողջ համակարգը: Ես կցանկանայի առաջարկել որոշ նորամուծություններ, որոնք օգտակար կլինեն մարզիկների համար: Եթե մենք ռուսներին ցանկանում ենք բարձունքին տեսնել Սոչիում կայանալիք 2014 թ. օլիմպիական խաղերում, ապա արդեն հիմա պետք է փոխենք ողջ համակարգը: Ես կարող եմ խոսել միայն գեղասահքի մասին, բայց, կարծում եմ, մյուս մարզաձևերն էլ նորամուծությունների կարիք ունեն»,- Եվգենի Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերել է championat.ru-ն: